Հայկական խաղողի սորտերը
Ունենալով խաղողագործական և գինեգործական բազմադարյա պատմություն՝ Հայաստանը որպես ժառանգություն է ստացել ինչպես տեղածին, այնպես էլ սելեկցիոն խաղողի սորտերի բավականին մեծ գրադարան։

Հայաստանի տեղածին սորտերի թիվը հասնում է 400, սակայն դրանց մեծ մասը քիչ են ուսումնասիրված։ Այսօր մոտ 20 սորտ է իրականում օգտագործվում գինեգործության մեջ։ Մեծ թվով խաղողի սորտեր անցել են պատմության գիրկը․ պահպանված նկարագրությունների համաձայն՝ դրանցից շատ հետաքրքիր գինիներ են ստաացվել։

Այժմ որոշ գինեգործարաններ փորձում են վերականգնել մոռացված սորտերը՝ փնտրելով դրանք մասնավոր այգիներում, հատուկենտ վազերի տեսքով, և փորձում են երկրորդ կյանք պարգևել այդ վազին։ Այնուամենայնիվ, այս ճանապարհով հայտնաբերված ոչ բոլոր սորտերն են տեղածին․ դրանց մեծ մասը սելեկցիոն սորտեր են, որոնք առաջ են եկել Սովետական տարիներին, արհեստական ճանապարհով։

Անհրաժեշտ է հարգանքի տուրք մատուցել հայկական խաղողագործության և գինեգործության այսօրվա նորարարներին, ովքեր իրենց քրտնաջան աշխատանքով ամեն օր զբաղվում են հայկական գինեգործության հանրայնությամբ: Նրանց հիմնական նպատակն է աշխարհին ծանոթացնել հայկական խաղողի սորտերի հետ, ներկայացնել հայկական տերուառի յուրահատկությունը, և ընդհանուր առմամաբ, դրա հսկայական ներուժը, որպես բազմադարյա խաղողագործական փորձ և հնագույն ավանդույթներ ունեցող, վերածնունդ ապրող գինեգործական երկիր։